Լիդերության «մայկան» գնելով՝ լիդեր չեն դառնում

Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

– 2007թ. սեպտեմբերից Հայաստանի ընդդիմության առաջնորդ դարձավ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 2011թ. նոյեմբերին նա Ազատության հրապարակում հանդես եկավ քաղաքագիտական վերլուծությամբ, որով սկիզբ դրվեց ընդդիմության առաջնորդի դերը ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանձնելու գործընթացին: Կարո՞ղ ենք ասել, որ հոկտեմբերին տեղի ունեցած երկու հանրահավաքներով այդ գործընթացն ավարտին հասցվեց, և այժմ ընդդիմության առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է և նրա ղեկավարած ԲՀԿ-ն:

– Կարող ենք փաստել, որ եռյակի ներսում լիդրության կոչումը Գագիկ Ծառուկյանը գնել էր, և հիմա նա այդ կոչումը տնօրինում է՝ ըստ իր հայեցողության, հաշվի չնստելով մյուսների հետ:

– Բայց ինչո՞ւ միայն եռյակի: ԲՀԿ առաջնորդը հանդիպում է բազմաթիվ այլ կուսակցությունների առաջնորդների հետ, և նրանք ընդունում են ԲՀԿ-ին` որպես համաժողովրդական շարժման առաջնորդ կուսակցություն:

– Եթե «բազմաթիվ» ասելով` նկատի ունեք Արամ Հարությունյանին կամ Տիգրան Կարապետյանին, ապա ես դրա հետ, իրոք, համաձայն եմ, որովհետև նրանց միանալով` շարժումն իսկապես ամբողջացավ: Ամբողջացավ նաև այն իմաստով, որ այնտեղ հավաքվել են մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում ոչ թե պայքարել, այլ ամենանողկալի մեղադրանքներն են հնչեցրել միմյանց հասցեին: Օրինակ, նույն Արամ Հարությունյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էր Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ, գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով հանդես էր գալիս Տիգրան Կարապետյանը: Հիմա նրանք միասին պետք է կանգնեն նույն հրապարակում և միասնական քաղաքական խնդիր լուծեն:

– Նրանք մասնակցում են համաժողովրդական շարժման ձևավորմանը և իրենց աջակցությունն են հայտնում այդ շարժման կողմից առաջադրված նպատակների իրականացմանը:

– Շատ ամբիցիոզ շեշտադրում է, երբ ասվում է՝ համաժողովրդական շարժում: Նախ` պետք է տեսնել՝ արդյոք ժողովուրդը ներգրավվա՞ծ է այդ շարժման մեջ կամ՝ ի՞նչ չափով է ներգրավված: Շարժումը կարող է համաժողովրդական լինել, եթե ձևակերպում է համաժողովրդական նպատակներ և այդ նպատակների իրականացման շուրջ կազմակերպում է ժողովրդի համախմբումը: Այս պահին հայտարարված շարժման մասին ես չեմ կարող ասել, որ այն համաժողովրդական է, քանի որ այն չունի հայտարարված միասնական նպատակներ և այդ նպատակին հասնելու ուղիների մասին միասնական մոտեցումներ:

– Շարժման կազմակերպիչները երկու հանրահավաք են արել և հրապարակ են բերել 20-30 հազար մարդ: Նրանք հայտարարում են, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է, որը ժողովրդի պահանջն է: Մի՞թե այս երկու հանգամանքը բավարար չէ շարժումը համաժողովրդական հայտարարելու համար:

– Այն, որ հանրահավաքի կազմակերպիչները հրապարակ մարդ բերեցին՝ բոլորը տեսան, բայց, թե ինչպես բերեցին այդ մարդկանց, որևէ մեկը չվերլուծեց: Երբ եռյակի ուժերից մեկը հայտարարեց, որ հրապարակն այսուհետ պետք է լինի ակտիվ, եռյակի ուժերից մյուսը՝ ի դեմս ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի, հայտարարեց, որ, եթե կարող եք` դուք ինքնուրույն մարդ բերեք, բերեք՝ տեսնենք՝ ո՞նց եք բերում: Որտե՞ղ է այստեղ միասնությունը:

Ընդհակառակը՝ վերջին իրադարձություններն ապացուցում են, որ այն, ինչ տեղի է ունենում՝ համաժողովրդական շարժում անվանել չի կարելի: Կան հրապարակում մարդկանց հավաքելու տարբեր տեխնոլոգիաներ, և դրանց կիրառմամբ հրապարակ մարդ բերելը որևէ մեկին իրավունք չի տալիս հայտարարելու, որ ինքը համաժողովրդական շարժում է սկսել կամ գլխավորում է համաժողովրդական շարժում: Ավելի պարզ լինելու համար պետք է ասեմ, որ համաժողովրդական էր Ղարաբաղյան շարժումը, երբ մեր ողջ ժողովուրդը Հայաստանում և Ղարաբաղում միասնաբար պայքարում էր Ղարաբաղի անկախության համար: Այն ժամանակ կար համաժողովրդական նպատակ, և շարժման լիդերները շարժումն ուղղորդում էին հանուն այդ նպատակի իրականացման:

– Հիմա էլ կա նպատակ. իշխանափոխություն, և շարժման լիդերները հայտարարում են, որ իրենք շարժումն ուղղորդում են հանուն այդ նպատակի իրականացման:

– Նորից եմ կրկնում, որ ես չեմ տեսնում միասնական նպատակ և այդ նպատակին հասնելու համար իրականացվող իրական քայլեր: Ընդհակառակը՝ ես տեսնում եմ տարբեր մանիպուլյացիաներ, երբ հանրահավաքներ են կազմակերպվում, ինչ-որ լոզունգներ են հնչում, և դրանից հետո մարդկանց ուղարկում են տուն: Չեմ տեսնում, որ եռյակը և նրա լիդեր ԲՀԿ-ն ունեն իրենց հռչակած նպատակին հասնելու համար քայլերի այն հաջորդականությունը, որը կհանգեցնի այդ նպատակի իրականացմանը:

Ենթադրենք՝ նրանք իսկապես ուզում են իշխանափոխություն իրականացնել: Դրա համար կա երկու ճանապարհ. առաջինը դա հեղափոխական ճանապարհն է, որին թե՛ ԲՀԿ-ն, և թե՛ ՀԱԿ-ը դեմ են: Մյուսը սահմանադրական ճանապարհն է, որը նշանակում է` իշխանափոխություն ընտրությունների միջոցով, իսկ դա էլ իր հերթին` նշանակում է, որ նրանք պետք է ժամանակ ձգեն մինչև 2017թ. խորհրդարանական, և ապա` 2018թ. նախագահական ընտրությունները, և փորձեն այդ ընտրությունների միջոցով գալ իշխանության: Հերթական ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնելու ցանկությունը ևս պետք է դիտարկել` որպես իշխանափոխություն իրականացնելու ցանկություն: Եթե խոսքը դրա մասին է, ապա ԲՀԿ-ն իսկապես գնում է իշխանափոխության:

– Եռյակի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց նպատակն արտահերթ ընտրությունների անցկացումն է, և նրանք հայտարարում են, որ իրենց գործողություններն ուղղված են հենց այդ նպատակի իրականացմանը:

– Արտահերթ ընտրությունների մասին հայտարարելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինում: Արտահերթ ընտրությունների համար պետք է անել որոշակի գործողություններ. պետք է երկրում առաջացնել սահմանադրական ճգնաժամ, որը կստիպի իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների: Օրինակ, եռյակի անդամ կուսակցությունները կարող են հանդես գալ խորհրդարանում մանդատները վայր դնելու նախաձեռնությամբ:

Եթե նրանց տեղերը խորհրդարանում չեն լրացվում, ապա առաջանում է սահմանադրական ճգնաժամ, և իշխանությունները, ուզեն թե չուզեն, պետք է լուծարեն խորհրդարանը և կազմակերպեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ եթե, ինչպես իրենք են հայտարարում՝ ժողովրդի 95 տոկոսն իրենց կողմն է, ապա ինչպե՞ս կարող է 95 տոկոս հանրային աջակցություն ունեցող քաղաքական ուժը չստեղծի սահմանադրական ճգնաժամ և արտահերթ ընտրությունների միջոցով չգա իշխանության: Մինչդեռ իրենք հայտարարում են, որ` ժողովրդի 95 տոկոսը մեր կողմն է, և զբաղված են ինչ-որ շտաբներ ձևավորելով՝ առանց հայտարարելու, թե ինչպես պետք է իրականացնեն այդ իշխանափոխությունը: Ինչպե՞ս կարող է` ժողովրդի 95 տոկոսն իրենց կողմը լինի, ու իրենք շարունակեն թողնել, որ երկիրը մնա այս վիճակում: Այդպիսի հանրային վստահություն ունեցող ուժը կա՛մ կգնար հեղափոխության ճանապարհով, կա՛մ սահմանադրական ճգնաժամ առաջացնելու ճանապարհով: Թող գնան և վերցնեն իշխանությունը, որպեսզի նոր իշխանությունը, ունենալով հանրային վստահության լիցք, կարողանա իսկապես համակարգային փոփոխություններ իրականացնել:

Իսկ եթե ասում ես, որ ժողովրդի այսքան տոկոսը մեր կողմից է, և ոչինչ չես անում, ուրեմն՝ դու խաբում ես: Կամ էլ՝ դու չես ուզում, որ երկիրն այս ճգնաժամից դուրս գա, կամ էլ՝ դու ի վիճակի չես, չունես այն լիդերության «մայկան», որը քեզ թույլ կտա առաջնորդել այդ շարժումը: Լիդերության «մայկան» գնելով` լիդեր չեն դառնում, լիդեր դառնում են գործողություններով և ժողովրդին ինչ-որ նպատակի տանելով: Մենք այդպիսի լիդերներ ունեցել ենք, և այդ լիդերների առկայությունն էր, որ մեզ բերեց հաղթանակների:

Լիդերներին հոկտեմբերի 27-ին գնդակահարելուց հետո ընդդիմությունը մնացել է առանց լիդերների, և փողով հնարավոր չէ, որ լիդեր ձևավորվի, կամ փողով լիդերի կոչում ձեռք բերել: Վերջին տարիներին հասարակության բոլոր պարտությունները պայմանավորված են եղել ոչ թե ընդդիմության գործած այս կամ այն տակտիկական սխալով կամ իշխանության ուժեղ քայլերով, այլ բացառապես ինքնազոհողության պատրաստ առաջնորդների բացակայությամբ, առաջնորդների, ովքեր վստահ լինելով իրենց առաքելության ճշմարտացիության մեջ` հասարակությանը կտանեին իրենց հետևից:

– Այդ դեպքում ո՞րն է այդ հանրահավաքների, շտաբների և տարբեր քաղաքական, օրենսդրական նախաձեռնությունների նպատակը, որոնք կազմակերպում են եռյակի ներկայացուցիչները:

– Միակ նպատակը քաղաքական դաշտն այս վիճակում պահելն է, նպատակն այն է, որ իշխանության կողքին չձևավորվի ընդդիմություն, որը կարտահայտի ժողովրդի իրական նպատակները: Եռյակը զբաղեցնում է ժողովրդին մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Իշխանության համար սա իդեալական վիճակ է. կա իշխանություն, և կա նրա դեմ պայքարի իմիտացիա անող եռյակ. և նրանք շահագրգռված են այս վիճակը ձգել մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Եվ իշխանությունների համար ցանկալի է, որ հերթական ընտրությունների ժամանակ իրենց դեմ հանդես գա այս մաշված և անորոշությունների մեջ խարխափող քաղաքական ուժերի դաշինքը: Այնպես որ, այս վիճակը ձեռնտու է թե՛ իշխանությանը, և թե՛ ոչ իշխանությանը, և միակ ուժը, որն իսկապես շահագրգռված պետք է լինի ազատվելու այս խաբեությունից՝ հասարակությունն է, որը կարող է մերժել թե՛ առաջինին, և թե՛ երկրորդին:

Տեսանյութեր

Լրահոս