Արքայազն Չարլզի այցելությունը Բրիտանահայ համայնքին
Բրիտանահայ համայնքի պատմության մեջ 2014թ. նոյեմբերի 19-ը ամենայն հավանականությամբ կմնա որպես ամենահիշարժան տարեթվերից մեկը: Համայնքի գոյության ավելի քան 150 տարիների ընթացքում առաջին անգամը լինելով՝ Միացյալ Թագավորության թագաժառանգ, Ուելսի արքայասն Չարլզը այցելեց Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցին, որտեղ հանդիպում ունեցավ Բրիտանահայ համայնքի անդամներին, հոգևոր առաջնորդներին, ազգային բարերարներին եւ համայնքային կառույցների ղեկավարներին:
Արքայազն Չարլզի հետաքրքրությունը Հայաստանի եւ բրիտանահպատակ հայերի հանդեպ նոր չէ. այն արդյունք է ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները Հայաստանի նախկին վարչապետ ու ՄԹ-ում ՀՀ առաջին դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Բարեգործությամբ նկատմամբ այդ երկու անձանց ունեցած մեծ նվիրվածությունն է, որ մոտեցրել է նրանց ու հանդիսացել ապագա բարեկամության հիմքը: Տարիների ընթացքում համագործակցությունը վերաճեց համատեղ նախաձեռնությունների մշակմանը, որը իրագործվեց «Երեւան իմ սեր» գեղեցիկ ծրագրի միջոցով:
Տեղին է հիշել նաեւ 2013թ. արքայազն Չարլզի առաջին այցելությունը Հայաստան: Այդ ճամփորդությունից արքայազնը վերադարձել էր մեծ տպավորություններով եւ ավելի մեծ ցանկությունով՝ շարունակել եւ ավելի խորը ծանոթանալ Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ եկեղեցու պատմությանն ու ժառանգությանը:
Վերջին տարիներին Մերձավոր եւ Միջին Արեւելքում ընթացող ողբերգական զարգացումները խորապես մտահոգել էին նաեւ արքայազն Չարլզին: Նա հատկապես անհանգստացած էր այդ տարածաշրջանում Արեւելյան Քրիստոնյաների՝ ասորիների, ղպտիների, հայերի եւ այլոց ճակատագրով, որոնց թե՛ ֆիզիկական գոյությունը, եւ թե՛ հոգեւոր ու պատմա-մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է կամ գտնվում է ոչնչացման եզրին: Վերջերս իր ելույթներից մեկում նա նշել էր, որ «աննկարագրելի ողբերգություն է, երբ Քրիստոնեությունը Մերձավոր Արեւելքում նման վտանգի տակ է»:
Քրիստոնեա համայնքներին իր աջակցությունն եւ քաջալերանքը հայտնելու համար վերջին ամիսներին արքայազնը նախաձեռնել էր այցելություններ Լոնդոնում նրանց կենտրոններ եւ եկեղեցիներ:
Սբ Եղիշեի դարպասների մոտ արքայազնին դիմավորեցին ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մեծ Բրիտանիայի հոգեւոր հովիվ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ ազգային մեծ բարերար Վաչե Մանուկյանը:
Հայկական փառահեղ եկեղեցու կամարների տակ ընթացող այդ հանդիսավոր արարողությանը Արքայազն Չարլզին համայնքի անունից ողջունեց Վահան Սրբազանը: Այնուհետեւ բարի գալուստի իր խոսքն ասաց Արմեն Սարգսյանը, որը նաեւ մեջբերեց Արքայազնի՝ Հայաստան այցելության որոշ հիշարժան պահեր, նշելով, որ Սբ Եղիշեն հավասարապես ինչպես բրիտանահայ համայնքի, այնպես էլ՝ նրա տունն է:
Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ողբերգական իրավիճակի մասին ներկաներին պատմեց Իրաքիահայերի հոգեւոր առաջնորղ Տ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը:
Ուելսի Արքայազնը իր պատասխան խոսքում նշեց, որ ցավ է ապրում Քրիստոնյաների հանդեպ բռնաճնշումների համար եւ Դեյր էզ-Զորի հայկական եկեղեցու ավելումը համարեց անմիտ եւ բարբարոս արարք: Նա նաեւ հատուկ գնահատանքի արժանացրեց Արմեն եւ Նունե Սարգսյաններին, Վաչէ եւ Թամար Մանուկյաններին իրենց բարեգործական ջանքերի համար, ինչպես նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց Վահան Սրբազանին եւ հայ համայքնին՝ այդ հիանալի ու ջերմ ընդունելության համար:
Համայն աշխարհում եւ հատկապես՝ Մերջավոր Արեւելքում խաաղության համար համատեղ աղոթքից հետո Արքայազն Չարլզը՝ Վահան Սրբազանի, Արմեն Սարգսյանի եւ Վաչե Մանուկյանի ուղեկցությամբ պտույտ ունեցավ եկեղեցում՝ ծանոթանա;ով ու կարճատեւ զրույցներ ունենալով համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաեւ աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լոնդոն-Երևան