«Եթե ստորագրությունն իրոք կեղծված է, թող պատժվեն այդ անձինք». Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժողների փաստաբան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ դեպքի վայրի զննության, լրացուցիչ զննության, ավտոմեքենաների զննություն կատարելու, արձանագրությունները, փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցների օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին միջնորդությունների լուծումը հետաձգել և դրանց վերաբերյալ որոշում կայացնել խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելիս:
Նիկոլայ Բաղդասարայանը դատարանում ասաց, որ դիմել են օտարերկրացի մասնագետի՝ պարզելու համար՝ արդյոք դատարանում ընթերակայի ստորագրությունը և՛ իր վարորդական իրավունքի, և՛ դեպքի վայրի զննության արձանագրության տակ առկա դրվել է նո՞ւյն մարդու կողմից, թե՞ ոչ: Փաստաբանի խոսքով՝ փորձագետը, ի պատասխան, նշել է, որ ստորագրությունների մեջ կան որոշակի նմանություններ, միաժամանակ ներկայացրել, թե ինչ էական տարբերություններ կան:
«Այն ստորագրությունները, որոնք առկա են պարոն Վարդան Պետրոսյանի վթարը նկարագրող արձանագրության մեջ, այդ թվում նաև ստորագրությունը, որը դրված է վթարի պահին ավտոմեքենայի դիրքը պատկերող գծագրի տակ, ամենայն հավանականությամբ չեն կատարվել պարոն Գրիշա Գասպարյանի ձեռքով: Դրանք ամենայն հավանականությամբ հանդիսանում են Գրիշա Գասպարյանի ստորագրության նմանակումը: Բնօրինակների ներկայացումը թույլ կտա կատարել ճշգրիտ եզրակացություն»,- Նիկոլան Բաղդասարյանն ընթերցեց մասնագետի տրամադրած կարծիքը;
Վարդան Պետրոսյանի մյուս պաշտպան Սամվել Ջաղինյանն էլ ասաց, որ ստորագրությունների տարբերությունները պաշտպանական կողմին հիմք են տվել մասնագետի կարծիք ստանալ: Նա միջնորդեց դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել՝ հասկանալու համար քրեական գործում առկա ստորագրությունը դրվե՞լ է ընթերակայի կողմից, թե ոչ:
Մեղադրող դատախազն ասաց. «Եթե մենք մտածում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ին զննություն կատարելիս քննիչն այնքան էր տիրապետում Գրիշա Գասպարյանի ստորագրությանը, որ կարողացել է այնպես ստորագրել, որ ֆրանսիական մասնագետը նշի, որ կան ընդհանրություններ, ուրեմն սա, ես չգիտեմ, նախապես պլանավորված վթար է և նախապես պլանավորված կեղծիք է: Այնուամենայնիվ, տպավորություն չստեղծելու համար, որ ես ամեն կերպ խուսափում եմ այդ իրականությունը պարզելուց, չեմ առարկում՝ նշված փորձաքննությունը նշանակելու դեմ»:
Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մեկ ստորագրությամբ չի որոշվում՝ նույն անձն է ստորագրել, թե ոչ: Նա միացավ միջնորդությանը, ասաց, որ ուզում է՝ փորձաքննությունը կատարվի, որ պարզվի: «Եթե իրոք կեղծված է, թող պատժվեն այդ անձինք»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը տարբերություն չի տեսնում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: