
Պակիստանն ու Ադրբեջանը միմյանց աջակցում են Քաշմիրի ու ԼՂ-ի հարցերում. Մամնուն Հուսեին

Radio Pakistan կայքի փոխանցմամբ՝ Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեինն Իսլամաբադում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Հանդիպման ժամանակ Հուսեինն ադրբեջանական կողմին վստահեցրել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել Ադրբեջանին աջակցելու մասին երկրի դիրքորոշումը: Դրա հետ մեկտեղ նա բարձր է գնահատել Քաշմիրի հարցում Պակիստանին Ադրբեջանի աջակցելը:
Պակիստանի նախագահը հույս է հայտնել, որ հետագայում կամրապնդվի Ադրբեջանի հետ պաշտպանական ու առևտրային-տնտեսական համագործակցությունը: Նախագահի խոսքերով՝ Պակիստանը ողջունում է Ադրբեջանի զինծառայողներին, որոնք անհատույց հենքով պատրաստություն կանցնեն երկրում:
Պակիստանը նաև առաջարկել է ադրբեջանցի սպաների ու կուրսանտների համար անգլերենով դասընթացներ կազմակերպել Իսլամաբադում գտնվող Ժամանակակից լեզուների ազգային համալսարանում ու Կարաչիում գտնվող ռազմածովային ուսումնական կենտրոնում:
Զաքիր Հասանովն իր հերթին վստահություն է հայտնել, որ հետագայում միայն ամրապնդվելու է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը: