
«Իսլամական պետությունը» իր բիզնես-ցանցն ունի Ադրբեջանում. Yeni Müsavat

Ադրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կրոնական միավորումների հետ աշխատանքի հարցերով պետկոմիտեի նախագահ Մ. Գուրբանլին հայտարարել է, որ արմատական կրոնական խմբավորումները ողջ երկրով մեկ ունեն իրենց բիզնես-ցանցը:
Գուրբանլին մանրամասնել է, որ դրանում ներառված են խանութներ և անգամ առևտրի խոշոր կենտրոններ, որոնցից ստացված եկամուտներով ֆինանսավորվում են այդ խմբավորումները, որոնց մի մասն էլ ուղարկվում է Սիրիա ու «Իսլամական պետությանը»:
Նրա խոսքերով՝ պետական համապատասխան մարմիններն արդեն իսկ զբաղվում են այդ խմբավորումներով և մտադիր են ոչնչացնել եկամտի այդ աղբյուրները: Թերթի տվյալներով՝ այդ ցանցի տարեկան շրջանառությունը կազմում է 5 միլիոն դոլար:
Փորձագետ Այդին Ալիզադեն կարծում է, որ այդ գումարները ծախսվում են քարոզչության, գրքեր հրատարակելու, խմբավորման անդամների աշխատավարձերի, ինչպես նաև պատասխանատու անձանց կաշառքներ տալու համար: Սրանից առաջ Haqqin.az պորտալը հայտնել էր, որ Ադրբեջանում արմատական խմբավորումների հետևորդների թիվը հասնում է 40.000 մարդու: