
Ադրբեջանի ՊՆ-ը ներկայացրել է հայկական ուղղաթիռի խոցման մասին իր գրաֆիկական վերլուծությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ներկայացրել է նոյեմբերի 12-ին ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռը խոցելու իր գրաֆիկական վերլուծությունը: Այդ իրադարձության ինֆոգրաֆիկան տեղ է գտել Ադրբեջանի ՊՆ-ի կայքում:
Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել է, որ «ուղղաթիռներն իրականացրել են մարտական թռիչք և կատարել են ադրբեջանական դիրքերի վրա կրակելու մասին հրաման, և որ այդ առաջադրանքը կատարելուց հետո նրանք, մանևրելով ու միմյանց պաշտպանելով, սկսել են լքել հարվածի գոտին»:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ «Ադրբեջանի տարածքով» ուղղաթիռների այդ թռիչքները որակում է որպես «երկրի օդային տիրույթի խախտում», ինչի համար էլ խոցվել է «իրենց դիրքերին կրակ բացած ուղղաթիռը»: Ընդգծվում է, որ «Իգլա-Ս» շարժական զենիթա-հրթիռային համալիրով կրակոցն «իրականացվել է պաշտպանության երկրորդ գծից՝ 2140 մետր հեռավորությունից»:
Հիշեցնենք, որ սրանից օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր «ՄԻ-24» ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկան: