Թուրքիան ավելացնում է ռազմական ու ներքին անվտանգության ծախսերը
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ 2006-2014 թվականներին Թուրքիայում 2.5 անգամ աճել են ներքին անվտանգության վրա կատարվող ծախսերը՝ 6 միլիարդ և 651 միլիոն թուրքական լիրայի փոխարեն հասնելով մինչև 22 միլիարդ և 262 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 2.22 լիրայի):
Նախատեսված է 2016 թվականին այդ ցուցանիշը հասցնել մինչև 26 միլիարդ և 77 միլիոն լիրայի: Եթե ներքին անվտանգության վրա կատարվող ծախսերը 2006 թվականին կազմել են համախառն ազգային եկամտի 0.88 տոկոսը, ապա 2013 թվականին դրանք արդեն կազմել են 1.36 տոկոս: Պլանավորված է, որ 2016 թվականին այդ ցուցանիշը կնվազի մինչև 1.24 տոկոսի:
Թուրքիան բնակչության տոկոսային հարաբերությամբ Ռուսաստանից հետո ամենաշատ ոստիկաններ ունեցող երկիրն է: Այստեղ ամեն 100.000 բնակչին բաժին է ընկնում 474.8 ոստիկան: Ինչ վերաբերում է Թուրքիայի ՊՆ-ին, ապա 2015 թվականի պետբյուջեի նախագծում այն զիջելու է միայն ֆինանսների, կրթության ու զբաղվածության նախարարություններին:
2015 թվականի պետբյուջեի նախագծով ՊՆ-ի համար նախատեսվում է 22.7 միլիարդ դոլար: Դրա 75 տոկոսը բաժին է ընկնում անձնակազմին աշխատավարձ վճարելուն և անձնակազմի կարիքների համար իրերի գնման ու ծառայությունների մատուցման համար: Մնացյալ 25 տոկոսն էլ կծախսվի արդիականացման ու ներդրումների համար:
2013 թվականին Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 19.1 միլիարդ դոլար: SIPRI-ի տվյալներով՝ 2011 թվականին Թուրքիան իր ռազմական ծախսերի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում էր 14-րդ տեղը, մինչդեռ 2012 թվականին նա արդեն 9-րդն էր: