
ՀՀ ոստիկանությունն աշխատում է թափանցիկ. ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ ոստիկանությունն աշխատում է թափանցիկ, ինչի վկայությունն է ստացված «Ոսկե բանալի» մրցանակը: Նման հավաստիացում այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կազմակերպված «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ արեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Ըստ նրա՝ անցնող տարվա 10 ամիսների ընթացքում գրանցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից իրավասությունների գերազանցման 1571 դեպք, սակայն, նրանք համապատասխան պատասխանատվության են ենթարկվել և, Եղիազարյանի խոսքով, ոստիկանությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի բացառվեն բռնի մեթոդներով ցուցմունքներ կորզելու դեպքերը:
Վ. Եղիազարյանը հավաստիացրեց, որ տարեցտարի մեծանում է կապը հասարակության ու ոստիկանության միջև, նաև ոստիկանությունը համագործակցում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը կոչ արեց բացառել քաղաքացիների հարցաքննությունները՝ դրանք որակելով որպես «զրույցներ»:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ ՀՀ հասարակությունը շատ անվստահությամբ է վերաբերվում ոստիկաններին և չի կարող կոռումպացված երկրում լինել չկոռումպացված ոստիկան: Միաժամանակ, Քոքոբելյանը նկատեց, որ համանման խնդիրներ առկա են նաև շատ զարգացած երկրներում: