Բաժիններ՝

Խոշոր ուսումնավարժություն. Փորձարկվում է ՀԱԷԿ-ի վթարի դեպքում արձագանքման պլանը

Նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻ նախարարությունում և Արմավիրի մարզում անցկացվելու է «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում արձագանքման կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:
Միջոցառման հիմնական նպատակներն են.

• ստուգել և կատարելագործել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հմտություններն ու ունակությունները` միջուկային ու ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտում բնակչության պաշտպանության կազմակերպման գործում:

• բարձրացնել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության մակարդակը ՀԱԷԿ-ի ընդհանուր վթարի հակազդման գործում:

• գնահատել «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի (ՀԱԷԿ-ի արտաքին վթարային պլանի)» իրատեսական լինելը:

• կատարելագործել ՀԱԷԿ-ի վթարային անձնակազմի ունակությունները վթարի չեզոքացման (վերացման) ու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության կազմակերպման գործում:

Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ բոլոր պետական կառավարման մարմինները, ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերը, ՀՀ Արմավիրի մարզի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորան գոտիներում գտնվող համայնքները, ինչպես նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը:

Ուսումնավարժությունն անցկացվելու է երկու փուլով՝

1) տեսական, որն անցկացվելու է ՀՀ ԱԻ նախարարությունում: Իրականացվելու է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի սպառնալիքի դեպքում բնակչության ազդարարում և պաշտպանության հրատապ միջոցառումների կազմակերպում.

2) գործնական, որն անցկացվելու է ՀՀ Արմավիրի մարզում՝ ընդգրկելով Մեծամոր և Մայիսյան համայնքները: Իրականացվելու է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս