«Մեր ինքնաթիռը խոցեցին, որովհետև գիտեին, որ համարժեք պատասխան չեն ստանալու» (տեսանյութ)
2014 թ. նոյեմբերի 15-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Նախախորհրդարանի և «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադարձան նոյեմբերի 12-ին հայկական ռազմական ուղղաթիռի խոցման դեպքի խորքային պատճառներին` առաջին հերթին նշելով Հայաստանի քաղաքական ղեկավարության ապազգային գործելակերպը, որը մեր երկիրը Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամակցության գործընթացի մեջ ներքաշելով՝ փաստորեն հանձնում է Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը:
Ասուլիսի ընթացքում ոչ միայն ներկայացվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, այլև ներկա իրավիճակից դուրս գալու ելքերն ու ժամկետները:
Բանախոսներ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի անդամներ Վահան Բադասյան և Գրիշա Հայրապետյան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, Նախախորհրդարանի անդամ, Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Էմիլ Աբրահամյան, ազատամարտիկ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Պավլիկ Մանուկյան:
«Մեր ինքնաթիռը խոցեցին, որովհետև գիտեին, որ համարժեք պատասխան չեն ստանալու: Բոլորն են տեսնում մեր քաղաքական վերնախավի անճարակությունը: Ուստի, ադրբեջանական կողմն այս անգամ համարձակվե´ց խոցել մեր ինքնաթիռը: Բոլոր այսպիսի ակտերը, որ Ադրբեջանի կողմից կազմակերպվում են, ցեղասպանական գործողությունների շարունակությունն են: Այսպիսի պայմաններում մենք իրավունք չունենք հանդուրժելու այս ապիկար քաղաքական վերնախավին»,- ասել է Վահան Բադասյանը:
«Եթե կա մի կառույց, որը կարող է Հայաստանն անդունդ տանող այս անիվը ետ պտտեցնել, դա մեր բանակն է: Եվ ուղղաթիռի հետ կատարված այս դեպքն աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի: Համոզված եմ, որ այս հարվածն ուղղված էր այն կառույցին, որը կարող է ինքիշխան Հայաստան ստեղծելու գործի երաշխավորը լինել»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը:
«Կամաց-կամաց մեզ հասկացնում են, որ դուք լրիվ պետք է կորցնեք ձեր պետականությունը: Եվ ԵՏՄ-ն պետք է սպասարկի միայն և միայն ռուսական մեծապետական կայսերական նպատակները: Իսկ այդ քաղաքական նպատակը թույլ չի տա, որ հայ ժողովուրդը կարողանա իր պետականությունը ծառայեցնել իր սեփական, ազգային շահերին: Արցախցին պետք է ոտքի կանգնի և ասի, որ ես գործիք չեմ և այլևս թույլ չեմ տալու, որ ինձ օգտագործեն հայ ժողովրդի դեմ: Իսկ մեզ հետ հաշվի կնստեն միայն այն դեպքում, երբ մենք կարողանանք վերականգնել ներքին արդարությունը մեր երկրում»,- ասել է Էմիլ Աբրահամյանը:
«Աշխարհը մեզ հուշեց, որ մենք ունենանք առանձին պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եվ այսօր ականտես ենք, թե գերտերությունների կողմից հուշված այս պետությունն ինչ հեշտությամբ օգտագործում են իրենց նպատակների համար: Եվ այս կռվախնձորն անվերջ պահելու են, որպեսզի մենք կառավարելի մնանք նրանց ձեռքում: Ցավոք, կարծես մեր իշխանություններին նույնպես ձեռք է տալիս, որ «պետություն-պետություն» խաղանք, և վերջնականապես Արցախը չվերամիարվորվի Հայաստանին»,- ասել է Գրիշա Հայրապետյանը:
«Պատերազմից հետո մենք ունեցանք առեղծվածային «հերոսներ», որոնք միայն տալի´ս են: Ռիժիկովը ամբողջն է տալիս: «Ջորիկ» Բալայանն ինչ-որ նամակ է ուղարկում ռուսաց թագավորին: Էն մյուսն ասում է. «Չգիտեմ՝ Աղդամը իմ հայրենիքն է, թե ոչ»: Հիմա ասում եմ՝ այո´, մենք ենք իրական հերոսները և մենք ենք առաջնորդելու մեր ժողովրդին և մեր ժողովուրդը կարթանա»,- ասել է Պավլիկ Մանուկյանը:
Նախախորհրդարան
Մանրամասները՝ տեսանյութում.