ԱՄՆ-ը պլանավորել է արդիականացնել իր զինված ուժերը. Հեյգել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պլանավորել է արդիականացնել իր զինված ուժերը:
Հեյգելն ընդգծել է, որ արդիականացման շրջանակներում մշակվելու են նոր տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա, միկրոէլեկտրոնիկա, տվյալների մշակման համակարգը: Դրա հետ կապված` Պենտագոնը ցանկանում է նախագծի աջակցման հարցով դիմել համալսարաններին ու ձեռնարկատերերին:
Պենտագոնն ակնկալում է, որ արդիականացման պլանները կարող են հանգեցնել տեխնոլոգիական բեկմանը, ինչպես որ եղել է 1950-ականներին ատոմային զենքի մշակման ժամանակ: Հեյգելի խոսքերով` ռազմական գործողությունների առանցքային ոլորտում կորստյան է մատնվում ամերիկյան գերակայությունը, և որ իրենք պետք է գտնեն նոր ու ստեղծագործ եղանակներ:
Հեյգելը հայտարարել է, որ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը պատերազմել է Իրաքում ու Աֆղանստանում, մյուս ուժերը, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, զգալի միջոցներ են ներդրել ռազմական արդիականացման մեջ: