G20-ի առաջնորդներն ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ
Lenta.ru-ի փոխանցմամբ` G20-ի երկրների առաջնորդներն Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում անցկացված գագաթաժողովի արդյունքներով ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ: Դրանում տեղ գտած հիմնական առաջադրանքներից մեկն առնչվում է մինչև 2018 թվականը համաշխարհային ՀՆԱ-ն 2 տոկոսով ավելացնելուն:
Կանխատեսումների համաձայն` դա համաշխարհային տնտեսությունը կավելացնի ավելի քան երկու տրիլիոն դոլարով ու կստեղծի միլիոնավոր աշխատատեղեր: Այդ պլանի իրագործման համար G20-ի երկրների առաջնորդները մտադիր են մեծացնել առևտրի ու ներդրումների ծավալը, ինչպես նաև խստացնել մրցակցությունը:
Գագաթաժողովի արդյունքներով` նաև հաստատվել է 2015-2016 թվականների հակակոռուպցիոն պլանը: Մասնավորապես, G20-ի առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են ապահովել բիզնես վարելու թափանցիկության ապահովմանը: Դա հնարավորություն կտա պայքարել կաշառակերության, հարկերից խուսափելու ու փողերի լվացման դեմ: Նրանք պարտավորվել են նաև մինչև 2018 թվականի վերջը սկսել հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակում:
Միևնույն ժամանակ ամփոփիչ փաստաթղթում ընդգծվել է, որ համաշխարհային տնտեսության համար պահպանվում են աշխարհաքաղաքական անկայունության հետ կապված ռիսկերը: Բրիզբենում G20-ի գագաթաժողովն անցկացվել է նոյեմբերի 15-16-ին: G20-ի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու 2015 թվականին, Անթալիայում, իսկ 2016 թվականին` Չինաստանում: