
Աբխազիայի վարչապետին ծեծի են ենթարկել ավտոմայրուղու վրա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան ենթարկվել է հարձակման: Այս մասին երեկ հայտնել է Աբխազիայի ՆԳՆ-ը:
ՆԳՆ-ի ղեկավար Ռաուլ Լոլուան հայտարարել է, որ ժամը 21.30-ի մոտ մի ավտոմեքենա փակել է վարչապետի մեքենայի ճանապարհը, որում գտնվել է նաև վարչապետի ընտանիքը: Անծանոթ ավտոմեքենայից դուրս են եկել երկու տղամարդիկ և սկսել են մարմնական վնասվածքներ հասցնել վարչապետին, ինչից հետո չքացել են դեպքի վայրից:
Վարչապետը եղել է առանց անվտանգության աշխատակիցների ուղեկցության: Միջադեպից անմիջապես անց նա հեռախոսազրույց է ունեցել Լոլուայի հետ, ինչից հետո ձերբակալվել են վարչապետին ծեծի ենթարկողները: Նրանց ավտոմեքենայում գտնվել է նաև մեկ կին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակման հետևանքով վարչապետն ուղեղի ցնցում է ստացել: Նրան բուժօգնություն են ցուցաբերել հանրապետական հիվանդանոցում, իսկ ներկա դրությամբ նա արդեն տանն է: Վնասվածքը վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: