Վազգեն Սաֆարյանը չի վստահում վարկանիշային աղյուսակներին
ՀՀ տնտեսությունում կոռուպցիոն ռիսկեր, իհարկե, կան, բայց որևէ գործակալության կազմած վարկանշային աղյուսակը վստահելի չէ: Նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ մեկնաբանելով «TRACE» միջազգային ոչ առևտրային գործարար կազմակերպության և ամերիկյան «Rand Corporation» վերլուծական կենտրոնի համատեղ հրապարակած 197 երկրների գործարար միջավայրում առկա կաշառակերության վարկանիշային աղյուսակը, որը կազմելիս հաշվի է առնվել 4 հիմնական չափորոշիչ՝ օրենքների կիրառումը, պետական ծառայության թափանցիկությունը եւ այդ գործընթացների նկատմամբ հասարակական վերահսկման հնարավորությունը: Ըստ դրա՝ գործարար միջավայրում առկա կոռուպցիոն ռիսկերով Հայաստանը հայտնվել է 87-րդ հորիզոնականում և զիջում է հարևան Վրաստանին ու Թուրքիային, որոնք համապատասխանաբար գտնվում են 11-րդ եւ 70-րդ հորիզոնականներում: Միաժամանակ, ՀՀ-ն ավելի լավ դիրքերում է, քան Ադրբեջանը (140-րդ տեղ) և Իրանը (157-րդ տեղ):
Վ.Սաֆարյանի խոսքով՝ մեր երկրի ներքին խնդիրները հայտնի են, կոռուպցիոն ռիսկերն առկա են և պետք է իշխանությունների հետ, ադմինիստրատիվ գործառույթներով ու ԱԺ օրենսդրական գործառույթներով պայքարեն. «Անընդհատ էլ լսում ենք, էսինչին ձերբակալեցին, էնինչին ձերբակալեցին… Պայքար գնում է»: