Արժի այդ մարդկանց հետ զրուցել և փորձել նրանց այդ մոլորյալ ճանապարհից ետ պահել. ՀՀԿ-ականը՝ ԵՏՄ-ին դեմ արտահայտվողների մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է՝ Հայաստանի ողջ ժողովուրդը կողմնորոշված է դեպի Եվրասիական տնտեսական միությունը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին՝ ԵՏՄ-ի հետ կապված ակցիաներ են լինում, մարդիկ նշում են, որ դեռևս շատ ակցիաներ են լինելու այն ընթացքում, երբ քննարկվելու է ԱԺ-ում, ժողովդի այդ մասին ձայնը, որը դեմ է ԵՏՄ-ին, լսելի՞ է լինելու, հաշվի՞ է առնվելու, Գ. Մելիքյանն ասաց.
«Ես համոզված եմ՝ մեր երկրում ցանկացած անձի ձայն հաշվի է առնվում: Չեմ կարծում, որ ձեր կողմից ասածը ժողովրդի ձայն է այդ հարցում: Մարդկանց մի փոքր խումբ՝ մի 2 տասնյակ, որոնք ինչ-ինչ պատճառներով փորձում են նման ակցիաներ կազմակերպել, ես հակված չեմ դա համարել որպես ժողովրդի ձայն, ես հակված եմ դա որպես մասնավոր դեպք դիտարկել, և կարծում եմ՝ Հայաստանի ողջ ժողովուրդը կողմնորոշված է դեպի Եվրասիական տնտեսական միությունը»:
Նա նշեց, որ ցանկացած տեսակի հարցումներն իրենց ցույց են տվել, որ ժողովրդի 90%-ից ավելին ցանկություն ունի տեսնել մեր երկիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում. «Այ դա ես համարում եմ ժողովրդի ձայն, իսկ մի քանի տասնյակ մարդկանց ընդվզումը… Կարծում եմ՝ արժի այդ մարդկանց հետ զրուցել և փորձել նույնպես նրանց այդ մոլորյալ ճանապարհից հետ պահել: Չեմ կարծում, որ նրանք, համենայնդեպս, այդպես լուրջ հիմնավորումներ ունեն, թե ինչու Հայաստանը չպետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը»: