Բաժիններ՝

Ցորենի ալյուրի հարստացումը երկաթով ճիշտ որոշում չէ. Գործարար

Ցորենի ալյուրի հարստացումը երկաթով ավելորդ աշխատանք է առաջացնելու տնտեսվարողների համար, արդարացված չէ և ճիշտ որոշում չէ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը: Նշելով, որ առողջապահական տեսանկյունից չի կարող գնահատական տալ, Գ.Նիկողոսյանն նկատեց, որ եթե չի ստուգվում, թե ալյուրի մեջ որքան երկաթ է պարունակվում, ապա ինչպես են որոշել, որ անհրաժեշտ է երկաթ ավելացնել, կամ թե՝ ինչպես են որոշելու, թե այդ երկաթն ինչքան ավելացնեն: Ըստ նրա՝ տնտեսվարողների հետ հարցի քննարկման ժամանակ ի պատասխան այս հարցադրումների, պաշտոնյաները միայն նշել են՝  «եթե պետք լինի, կստուգենք»:

Գ. Նիկողոսյանը նշեց, որ Վրաստանում նման պրակտիկա կիրառվել է, մեր հարևաններն էլ էին փորձել ալյուրը երկաթով հարստացնել, բայց հետո ինչ-ինչ պատճառներով, գուցե գիտակցելով դրա աննպատակահարմարությունը, հրաժարվել են այդ գաղափարից:

«Դժվար է վերահսկել այդ աշխատանքի կատարումը, նաև ավելորդ գումար է դրվելու ապրանքի մեջ և թանկացում կլինի»,- ասաց Գ. Նիկողոսյանը՝ հավլելով, որ եթե այսօր երկաթն էժան է, ապա կարգի հաստատումից հետո այն կթանկանա:

Հիշեցնենք, որ անցնող շաբաթ գործադիրը հավանության է արժանացել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում, ենթադրվում է, որ կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ: Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար: Օրենքին չենթարկվող արտադրողները կտուգանվեն մինչև 200 միլիոն դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս