«Ադրբեջանական դաշտում ամեն ինչ իրար խառնվեց. բոլոր կողմերը սկսեցին ինքնուրույն աշխատել». Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ադրբեջանցիների տարածած ռազմական ուղղաթիռի կործանման տեսանյութին և այս օրերի տեղեկատվության անվտանգությանը:

Ըստ փորձագետի՝ այս միջադեպը տարօրինակ էր այն տեսանկյունից, որ երևում էր՝ Ադրբեջանում էլ տարբեր կառույցներ տարբեր ձևով էին պատրաստվել. « Այսինքն՝ երևում էր, որ բանակային ղեկավարության մեջ էլ եղել է ինչ որ պլանավորած բան: Եթե նկատեցիք՝ ուղղաթիռի վրա կրակած զինվորի պարգևատրումը գրեթե անմիջապես եղավ:

Մյուս կողմից՝ լրատվական դաշտը և, ամենայն հավանականությամբ իրենց ՊՆ քարոզչության ոլորտում աշխատողները, երևի թե ընդհանրապես պատրաստ չէին և չէին էլ նախատեսում այսպիսի բան, որովհետև իրենց դաշտում ամեն ինչ իրար խառնվեց, սկսեցին իրար հետևից տարբեր տեսանյութեր դաշտ նետել:

Հիմնական իմաստն էր՝ ցույց տալ, որ ռազմական գործողություններ են կատարվել»,- ասաց նա:

Փորձագետը նկատեց, որ ադրբեջանական դաշտում միանգամից երկու տարբեր տեսանյութեր հայտնվեցին, որոնք իրականում սիրիական պատերազմից էին վերցրել. «Ընդհանրապես սիրիական պատերազմի տեսանյութերը ամբողջ աշխարհում շատ են օգտագործվում՝ տարբեր քարոզչական ուղղություններում, որովհետև այսօր դա ամենաշատ նկարահանված կոնֆլիկտն է և այդտեղից մեծ քանակի տեսանյութեր կարելի է գտնել: Օրինակ՝ ուղղաթիռի վերաբերյալ այդ նույն տեսանյութն Ուկրաինայում էլ էին օգտագործել: Այնպես որ՝ ձեռքի տակ եղած նյութերը սկսեցին լցնել ցանց:

Հետո ինչ-որ պահի ՊՆ-ում որոշեցին կոորդինացնել այդ ամենը և հայտնվեց այն տեսանյութը, որը տեսել ենք և որը ռեալ դեպքն է ցույց տալիս: Այդտեղ էլ իրենց մոտ մյուս խնդիրն առաջացավ, որովհետև էլի չկոորդինացվածության պատճառով իրար հետևից մի շարք հայտարարություններ եղան:

Նույնիսկ երևում էր, որ ՊՆ-ի հաղորդագրությունը երկու տարբեր մարդիկ էին գրել՝ երկու տարբեր պարբերությամբ, այսինքն՝ մի պարբերությունում գրված էր, որ ուղղաթիռը հարձակվել է, մյուս պարբերությամբ՝ պատրաստվում է հարձակվել»,-պարզաբանեց նա:

Ս. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական մամուլը մի թեզ առաջ գցեց, որը շատ արագ սկսեց առաջ տանել ոչ ռազմական կողմը. ուղղաթիռը հատել է օդային սահմանը. «Հետո քիչ-քիչ սկսեցին այդ թեզից դուրս գալ, որովհետև դրանով փաստացի իրենք լեգիտիմացնում են ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը: Դրանից հետո որոշեցին դա էլ շտկել, իրենց ԱԳՆ-ն հայտարարեց, որ Արցախի վրայի օդը փակում է Ադրբեջանը. թույլ չի տալիս որ այդտեղ թռիչքներ կատարվեն: Եվ հիմա փորձում են այդ «սահման հատելը» հետին թվով բացատրել, թե ընդհանրապես ուղղաթիռները կամ ինքնաթիռները, որոնք գտնվում են ԼՂՀ տարածքում՝ արդեն համարվում են Ադրբեջանի սահմանը հատած: Մոտավորապես՝ այսպիսի երկար-բարակ բացատրություն են տալիս: Այս ամենը ցույց է տալիս, որ իրենց մոտ չկա կոորդինացիա, այսինքն՝ անմիջապես բոլոր կողմերը սկսեցին ինքնուրույն աշխատել»:

Տեսանյութեր

Լրահոս