Սրբադասում և Մյուռոնօրհնություն՝ 2015-ին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-13-ը տեղի ունեցած Եպիսկոպոսների ժողովի ժամանակ որոշվել է վերականգնել հայ եկեղեցում սրբադասում կատարելու կարգը և հաստատվել է Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգն ու արարողակարգը: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվել է կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության օրացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը: Որոշվել է ոչ միայն հայ իրականության մեջ վերականգնել սրբադասման կարգը, այլև ավանդական դարձնել եպիսկոպոսաց ժողովները: Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը գումարվելու է 2016թ.: Ինչպես տեղեկացանք, 2015 թվականը Հայ եկեղեցու կյանքում նշանավորվելու է նաև մյուռոնօրհնությամբ, որ տեղի է ունենալու սեպտեմբերին: 2015թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հրապարակելու է սրբատառ կոնդակ, ինչպես նաև ՀՀ են այցելելու Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը: