Պիտեր Գաբրիելը դատապարտում է իսրայելական օկուպացիան` մասնակցելով Գազայի հատվածին օգնելուն միտված ալբոմի ստեղծմանը
Huffington Post-ի փոխանցմամբ` երաժիշտ և երգահան Պիտեր Գաբրիելն իր ներդրումն է ունենալու 2 Unite All երաժշտական ալբոմի երգերի ձայնագրմանը, որը նախատեսված է Գազայի հատվածում ապրող պաղեստինցիներին օգնող հումանիտար կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար:
Պիտեր Գաբրիելը դրանով իսկ կմիանա մյուս երաժիշտներին` ներառյալ System Of A Down-ի երգիչ Սերժ Թանկյանը, The Police-ի անդամ Ստյուարտ Կոուպլենդն ու Def Leppard-ի Ռիկ Ալենը: Գաբրիելի ներդրումը հանդիսանում է Across The River երգը, որը 1982 թվականին նրա ձայնագրած երգի նորացված տարբերակն է:
Գաբրիելը վստահություն է հայտնել, որ թե’ պաղեստինցիների, թե’ իսրայելցիների համար բավական շահավետ կլինի 1967 թվականի սահմանների հիման վրա համաձայնագիր ստորագրելը: Նա ընդգծել է, որ պաղեստինցիները` հատկապես Գազայի հատվածում բնակվողները, չափազանց երկար ժամանակ են տառապել ու շարունակում են տառապել:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ երբեք հանդես չի եկել և ներկայումս նույնպես հանդես չի գալիս հակաիսրայելական ու հակասեմական դիրքերից, և որ պարզապես դեմ է Իսրայելի կառավարության վարած քաղաքականությանը, դեմ է ճնշումներին ու անարդարությանը:
Սերժ Թանկյանն էլ հավելել է, որ անհրաժեշտ է վերականգնել Գազայի պաղեստինցիների կյանքի պայմաններն, ինչն աշխարհի հումանիտար առաջնահերթությունների թվում է, և որ իրենք չպետք է խուսափեն դրանից. «Դա ամենափոքր բանն է, որը մենք կարող ենք անել օկուպացումից, շրջափակումից ու ներխուժումից տուժած մարդկանց համար»:
2 Unite All երաժշտական ալբոմը բաղկացած է 26 երգից: Նրա վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն Գազայի հատվածի պաղեստինցիների անհապաղ վիրաբուժական ու հոգեբանական կարիքներին: Պիտեր Գաբրիելն իր համերգների եվրոպական շրջագայությունը սկսել է նոյեմբերի 12-ին Բրյուսել այցելելով: