
ՊՆ փոխնախարար. Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել՝ արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի՞ գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը

Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի՞ գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը:
ՀՀ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման արդյունքում ստեղծված նոր իրողությանը:
«Ուղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, եւ իհարկե` բանակցային գործընթացի խափանման եւ հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը: Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները եւ առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,-ասել է նա: