ԼՂՀ օմբուդսման. «Դատավարության ժամանակ պահպանվում են մեղադրյալների՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր իրավունքները»

ԼՂՀ մարդու իրավունքի պաշտպան Յուրի Հայրապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ամիսներ առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանն ապօրինաբար հատած եւ ԼՂՀ-ում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով դատավարությանն ու դրա շուրջ Ադրբեջանում բարձրացված աղմուկին:

ՄԻՊ-ը իր «խորին վրդովմունքն է հայտնել ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում պաշտոնական եւ ոչ պաշտոնական կառույցների կողմից ներկայացված մտացածին, ապատեղեկատվական հրապարակումների կապակցությամբ, թե իբր ս. թ. հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկած Գուլիեւի եւ Ասկերովի նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունը Հայաստանի իշխանությունների կողմից պատվիրված «թատրոն» է, որ նշված անձինք ենթարկվում են խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի:

Մատնանշելով տարիներ առաջ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանողին հերոսացնելու, հայ գերիների նկատմամբ բռնությունների եւ խոշտանգումների, ինչպես նաեւ Ադրբեջանի իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների փաստերը, Յուրի Հայրապետյանը նշել է, որ դատավարության շուրջ Ադրբեջանում բարձրացված աղմուկի պատճառը հենց նա է, որ դատավարությունն իրականացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Իրենց նպատակը հենց նա է, որ սահմանն անցած անձանց նկատմամբ վարվենք հենց իրենց նման ու ոչնչով չտարբերվենք,-նշել է մարդու իրավունքների պաշտպանը՝ շարունակելով.

«Ադրբեջանական իշխանությունները չէին ցանկանա խոստովանել, որ ԼՂՀ-ում, ի տարբերություն Ադրբեջանի, մարդուն դատում են ոչ թե ազգային պատկանելության պատճառով, այլ միայն կոնկրետ հանցագործության համար` պահպանելով մեղադրյալների՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր իրավունքները»:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ հայտարարություն է ուղարկել նաեւ Օմբուդսմանների Եվրոպական Ինստիտուտի թվով մոտ 150 անդամներին, Մարդու իրավունքների ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի հանձնակատարներին, Եվրոպայի օմբուդսմանին եւ միջազգային մի շարք պաշտոնական եւ ոչ կառավարական կազմակերպություններին, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ պետությունների դեսպանությունների, այսինքն՝ թվով ավելի քան 300 հասցեատերերի, միաժամանակ նշելով, որ իմ կողմից նկարագրվածում համոզվելու համար` դրանցից յուրաքանչյուրը կամ նրա ներկայացուցիչը կարող է ազատ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դիտարկել վերը նշված դատավարությունը, ինչպես նաեւ հանդիպել ամբաստանյալների հետ: Հասցեատերերի թվում էր նաեւ Ադրբեջանի օմբուդսմանը։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս