
Ադանայի ներկայիս զբոսայգին նախկին հայկական գերեզմանոց է եղել

Թուրքիայի Ադանա քաղաքի (Կիլիկիա) Ինոնյուի անվան այգում գազի խողովակների անցկացման համար փորված փոսում մարդու ոսկրաբեկորներ են հայտնաբերվել:
Տեսնելով ոսկորները՝ բանվորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով ոստիկանությանը: Թուրքական «Ադանահաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները փոսի միջից հանել են 2 գանգ, 1 ծնոտոսկր և բազմաթիվ այլ ոսկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Պարզվել է, որ այդտեղ 100-150 տարի առաջ եղել է հայկական գերեզմանոց: 1960-ականներին հայկական գերեզմանոցը քանդվել է, և դրա տեղում հիմնվել զբոսայգի ու կոչվել Թուրքիայի Հանրապետության 2-րդ նախագահ Իսմեթ Ինոնյուի անունով:
Ermenihaber.am