Բաժիններ՝

Երկրի ուսյալ զավակները

Սկսվեցին «Կրթության գերազանցության ծրագրի» հանրային լսումները: Առաջին լսում-քննարկումների համար ընտրվել էր Մատենադարանի դահլիճը: Կազմակերպիչների համար դա խորհրդանշական էր: Հայկական դպրոցի ու կրթության հիմնադրի՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի անունն է ոգեշնչել նրանց: Առաջին քննարկման համար դահլիճը բավական ներկայացուցչական էր: Շատ էին նաև լրագրողները: Մինչդեռ այդ ծրագրի մասին հասարակությանը բավական քիչ բան է հայտնի: Եթե չեմ սխալվում, այս ծրագրի մասին պաշտոնապես մոտ մեկ ամիս առաջ խոսեց ՀՀ նախագահը:

Ս. Սարգսյանը Գյումրիի տեխնոպարկի բացման արարողությունից հետո, տեղի 130 ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում որոշ տեղեկություններ հրապարակեց: «Կրթության գերազանցության ծրագիրը» համատեղ ձեռնարկել են Կրթության նախարարությունը և «Այբ» կրթական համալիրը: Այնուհետև տեղի ունեցավ կրթության նախարարի և «Այբի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանի ասուլիսը: Աշոտյանը հայտարարեց. ««Այբ» կրթական համալիրի դերը բարձր գնահատելով` պետությունը պատրաստ է այս քայլը տարածելու ՀՀ ողջ տարածքում»: Տ. Մեսրոպ քահանան մանրամասնեց, որ կրթական այս ծրագիրն իրականացվելու է Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: Ասուլիսի ընթացքում կրթության նախարարը նշել էր, որ պետությունը պատրաստվում է 2 մլրդ դրամ տրամադրել այս ծրագրին:

Ծրագրի առաջին փուլում պիտի ընտրվեն 12 դպրոց՝ մեկական` յուրաքանչյուր մարզում, երկուսը` Երևանում, և մեկը` ԼՂՀ-ում: Համաշխարհային բանկը Հայաստանում ֆինանսավորելու է 17 դպրոցի նորոգման և վերազինման աշխատանքներ: Դրանցից 12-ն է ներառվելու «Կրթության գերազանցության ծրագրում»: Նախատեսվում է, որ առաջին փուլը կսկսվի 2015-ին, և հինգ դպրոց առաջին փուլում կստանան միջազգային կրթական ծրագրի կարգավիճակ: Այս փուլը բոլոր դպրոցների համար տևելու է 3-5 տարի: Հետո կսկսվի ուսուցիչների վերապատրաստումը՝ միջազգային կրթական ծրագրերի հիման վրա: 10 տարվա համար նախատեսված ծրագրում նախ կվերապատրաստվի երկու հազար ուսուցիչ: Նշվում է, որ նրանց աշխատավարձը կազմելու է 400 հազար դրամ:

Նրանք հետագայում իրենց հերթին` գործընթաց կներգրավեն ևս 18 հազար ուսուցչի: Ընդունեք, որ հավակնոտ ծրագիր է տասը տարում 20 հազար ուսուցչի միջազգային որակավորման մակարդակի հասցնելը:

Վերջին տարիներին Հայաստանում քիչ չեն կրթական հավակնոտ ծրագրերը: Մասնավոր ու պետական շատ դպրոցներ իսկապես հաջողություններ են արձանագրում: Խոսքն առաջին հերթին` նույն «Այբի» մասին է: «Շիրակացի» կրթահամալիրն է միջազգային բակալավրիատի կարգավիճակի արժանացել: Սկսել է գործել Դիլիջանի միջազգային դպրոցը:

Ու հիմա մեկնարկում է նոր՝ «Կրթության գերազանցության ծրագիրը»: Նախկինում հրապարակված տեղեկատվությունից ու Մատենադարանում կայացած լսումներից հետո բոլորի՝ թե ոլորտի մասնագետների, թե հասարակության համար, հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Բայց հարցը վերաբերում է կրթության ոլորտին: Ուստի այն ամենահետաքրքիր թեմաներից է մեր հասարակության համար:

Հետևաբար` այն մշտապես վերլուծվելու է: Մեկնարկի այս պահին կարելի է արձանագրել հետևյալը` նախ` Ծրագիրն իսկապես հավակնոտ է: Երկրորդ` դրանով շատերն են հետաքրքրված՝ նույնիսկ իշխանությունները:

Բայց մեր իշխանություններն իրենց բնույթին չեն դավաճանում՝ նախարար Աշոտյանի խոսքերով` ծրագրին առաջին փուլում 2 մլրդ դրամ պիտի հատկացվեր: Մինչդեռ «Բյուջե 2015»-ի նախագծում կառավարությունը պլանավորել է ընդամենը 450 մլն դրամ:

Երրորդ՝ Ծրագիրը կարծես հակասական է: Այն իրագործվում է Քեմբրիջի ու Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, բայց ազգային լուրջ բաղադրիչ ունի: Փորձագետներից շատերն են կասկածում, որ այս հակասությունը կձևափոխի Ծրագիրը` այն շեղելով նախնական նպատակներից:

Չորրորդ՝ Մատենադարանի իր ելույթում Տ. Մեսրոպ քահանա Արամյանն ասաց, որ իրենց ոգևորում է Ս. Սահակի ու Ս. Մեսրոպի օրինակը: Հայ դպրոցի հիմնադիրները գրերի գյուտից հետո աշակերտներ ուղարկեցին Արևմուտք` ուսանելու: Վեցամյա կրթական ցիկլն ավարտելուց հետո սաները (Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին ու մյուսները) վերադարձան կերտելու հայ գրավոր Մշակույթի «Ոսկե դարը»: Հիմա կարծես ժամանակները փոխվել են: Կրթական նման ծրագրերի, այսօրվա բառապաշարով ասած, շահառուներն ավելի հաճախ չեն վերադառնում: Իսկապես դժվար է հավատալ, որ միջազգային հավաստագիր ունեցող ուսուցիչը կաշխատի 400 հազար դրամ աշխատավարձով: Եթե կասկածում եք՝ հանեք այդ գումարից 25 տոկոսի չափով եկամտահարկ և 5 տոկոսի չափով էլ հանրահայտ կուտակայինը:

Տեսա՞ք, որ տակը բան չմնաց: Հինգերորդ՝ պարզ չէ, թե ինչ չափանիշերով ու որտեղից են ընտրվելու երկու հազար ուսուցիչները: Երկու-երեք տարում բուհական համակարգը չի հասցնի նոր որակի ուսուցիչներ արտադրել: Կրթության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի գնահատմամբ, եթե նոր որակի ուսուցիչները բուհերից չգան, ուսուցիչների վերապատրաստման գործընթացը հավերժական փուլ կմտնի: Վեցերորդ՝ եթե նոր որակի ուսուցիչները յուրաքանչյուր մարզում «համալրվելու են» գործող դպրոցներից, ապա դա ցավոտ հարված կլինի հանրակրթության գործող համակարգին: Այսինքն` մարզի ու մարզկենտրոնի լավագույն ուսուցիչներին մեկ դպրոցում հավաքելն ու մյուս դպրոցները թուլացնելն ավելի շուտ կարելի է կրթական բիզնես ծրագիր որակել, քան` ազգային:

Հուսանք, որ հանրային լսումների շնորհիվ ծրագիրն իսկապես կբյուրեղանա ու լուրջ բարեփոխումների խթան կդառնա: Իսկ հուսալու համար հիմք է տալիս նախաձեռնողների եռանդը: Ես, օրինակ, կարծում եմ, որ վերջին տասնամյակների կրթական լավագույն ծրագրերում Տ. Մեսրոպ քահանան անմիջական ավանդ ունի: Խոսքն առաջին հերթին` «Գանձասար» ամսագրի մասին է:

Հ.Գ. Ի դեպ, հոկտեմբերի վերջին Դիլիջանում տեղի ունեցավ Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը «Հայաստանը` 2018թ. աշխարհի 20 ամենանորարարական երկրների շարքում» խորագրի ներքո, որին մասնակցում էին Հայաստանի Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունները, կրթահամալիրների ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արտերկրից հրավիրված մասնակիցների թվում էր նաև Յիգալ Էրլիխը (Yigal Erlich), ում համարում են Իսրայելի վենչուրային ինդուստրիայի հիմնադիրը: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկեցին Հայաստանի հանրակրթական դպրոցներում բացել ինժեներական, ռոբոտաշինական դասարաններ, ինչը ՀՀ վարչապետի հավանությանն արժանացավ: Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումի կազմակերպիչները և մասնակիցները այս որոշումը գնահատեցին որպես ֆորումի ամենամեծ ձեռքբերում: Եթե այս գաղափարն իրականություն դառնա՝ կարճ ժամանակ անց հանրակրթական դպրոցներում և ՏՏ ոլորտում դրական արդյունքները տեսանելի կլինեն:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս