
Քերին ու Լավրովը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Նրանք հաստատել են, որ անհրաժեշտ է շուտափույթ հասնել «Վեցյակի» ու Իրանի միջև համապարփակ պայմանավորվածության՝ հաշվի առնելով նոյեմբերի 11-ին Օմանում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու միջազգային միջնորդների մասնակցությամբ անցկացված բանակցային հերթական փուլի արդյունքները:
Լավրովն ու Քերին կարևորել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հետագա ամբողջական կարգավորումը: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների նոր փուլը նախատեսվում է Վիեննայում անցկացնել նոյեմբերի 18-24-ին: