ԵԱՀԿ գործող նախագահն ուղղաթիռի խոցման կապակցությամբ դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախաար Դիդիեր Բուրկհալտերը խորը մտահոգություն է հայտնել երեկ Ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
Բուրկհալտերը դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ կոչ անելով անել ամեն հնարավոր բան՝ կանխելու համար նմանատիպ միջադեպերը, ինչպես նաև հարգանք ցուցաբերել հրադադարի ռեժիմի նկատմամբ:
Բուրկհալտերը հատկապես ցավալի է համարել այն փաստը, որ այս տարի գրանցված բռնության մի շարք դեպքերի հետևանքով գրանցվել են աննախադեպ թվով զոհեր. «Հրադադարի ռեժիմի խստագույն պահպանումն ու ստանձնած պարտավորությունների հանդեպ լիակատար հարգանք ցուցաբերելն անհրաժեշտ են վստահելի մակարդակին հասնելու համար, ինչն անհրաժեշտ է հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի համար»:
Հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի արած երեկվա հայատարարության վրա՝ Բուրկհալտերը գոհունակություն է հայտնել բարձր մակարդակի շփումների ակտիվացման կապակցությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել շարունակել երկխոսությունը: