
Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը. ԱԳՆ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման միջադեպի հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»: