
Իր դաժանությամբ Ասադը չի զիջում «Իսլամական պետության» անդամներին. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է, որ Հալեպի հարցին պետք է մոտենալ նույն զգայունությամբ, ինչպես որ Քոբանիի պարագայում է.
«Մեկ շաբաթ է, ինչ Սիրիայի նախագահ Բաշար Սսադի ինքնաթիռները ռմբակոծում են Հալեպը և զոհվում են մեծ թվով մարդիկ: Ասադը, ով ռմբակոծում է Հալեպն ու սպանում է խաղաղ բնակիչներին առնվազն նույնչափ դաժան է, որչափ որ «Իսլամական պետության» անդամներն են, որոնք հրետակոծում են Քոբանին:
Սիրիայի պարագայում Թուրքիայի իշխանությունները հավասարաչափ դեմ են արտահայտվում ինչպես Հալեպում Բաշար Ասադի բռնություններին, այնպես էլ Քոբանիում «Իսլամական պետության» բռնություններին»:
Թուրքիայում Սիրիայից ժամանած փախստականների թիվը հասել է 1.627.000 մարդու որոնցից 325.000-ը վերադարձել են իրենց տները: Սեպտեմբերին ու հոկտեմբերին Սիրիայի Քոբանի քաղաքից Թուրքիա է ժամանել մոտ 190.000 փախստական:
Սիրիացի փախստականների համար Թուրքիայի 10 նահանգներում կառուցվել են ավելի քան 20 ժամանակավոր վրանային ճամբարներ ու տնակային քաղաքներ: Թուրքիան սիրիացի փախստականներին օգնելու վրա ծախսել է մոտ 4.5 միլիարդ դոլար: