Ինչպես կարող են տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող կուսակցություններ համագործակցել մեկ հարցի շուրջ. Տաճատ Սարգսյան

Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ինչպիսին է արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումը ներկայիս ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Նախ նա խոսեց Կոմկուսի առաջիկա ծրագրերից և ասաց, որ առաջիկայում տեղի է ունենալու ՀԿԿ 39-րդ համագումարը, որն, ըստ նրա՝ մեծ իրադարձություն է Հայաստանի Կոմկուսի պատմության մեջ. «Կոմունիստների համագումարը կնախանշի կուսակցության հետագա անելիքները»:

Տաճատ Սարգսյանը նշեց, որ Կոմունիստական կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, որովհետև իշխանությունները լուծում են իրենց վերարտադրության խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը, ապա նա նշեց, որ իր դրական կարծիքն առաջինը հայտնել Կոմունիստական կուսակցությունը:

Բանախոսը նշեց նաև, որ Կոմունիստական կուսակցության խնդիրն է վերականգնել կորցրած իշխանությունը.

«Մենք ոչ թե իշխանափոխություն ենք ուզում, այլ՝ համակարգային փոփոխություն: Իսկ իշխանության վերադառնալու երկու ճանապարհ կա՝ կամ խաղաղ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, կամ՝ հեղափոխության: Ընտրությունների միջոցով չենք կարող վերադառնալ, որովհետև հանրապետությունում ընտրությունները կեղծվում են: Իսկ հեղափոխության ճանապարհով իշխանության գալը անընդունելի է ՀԿԿ-ի համար: Դրա համար պետք է խաղաղ ճանապարհով կատարենք համակարգային փոփոխություն և վերադառնանք իշխանության»,- ասաց նա:

Իսկ եռյակի իշխանափոխություն անելու կոչերի մասին ասաց. «Անկախությունից հետո մենք տեսել ենք բազմաթիվ եռյակների ու քառյակների համագործակցություններ: Այդ բոլոր համագործակցությունները մինչև այսօր ինչպիսի՞ արդյունք են տվել: ՀԿԿ-ն կմիանար, կողջուներ նման եռյակներին, եթե դրանք ինչ-որ չափով նպաստեին հանրապետությունում սոցիալական խնդիրների լուծմանը:

Եթե գնալով ավելի արագ տեմպ է ստանում արտագաղթը, բնակչության 40 տոկոսից ավելին աղքատ է, ապա ոչ բոլոր եռյակների ու քառյակների համագործակցությունն է, որ օգուտ է բերել ժողովրդին: Ինչ վերաբերվում է այսօրվա եռյակի գործունեությանը, ապա ես տարակուսում եմ, թե ինչպես կարող են տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող կուսակցություններ համագործակցել մեկ հարցի շուրջ: Մի մասը ԵՏՄ է ուզում, մյուս մասը՝ Եվրոպա, մի մասն ուզում է պետության գերակայություն, մյուսը՝ մասնավոր գերակայություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս