Ինչու որոշեցին հենց այս պահին նոր նախարարություն ստեղծել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացվում է տարածքային կառավարման նախարարությանը, և ստեղծվում է ևս մեկ՝ միջազգային տնտեսական ինտեգրացման և բարեփոխումների նախարարություն։
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ԱԺ-ում պարզաբանեց, թե ինչու է որոշվել միջազգային տնտեսական ինտեգրացման և բարեփոխումների նախարարություն ստեղծել հենց հիմա, երբ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրն արդեն ստորագրված է, և կարծես աշխատանքի հիմնական մասն արդեն ավարտված։ Ըստ նախարարի՝ չնայած արդեն կատարված աշխատանքներին՝ դեռ ահռելի աշխատանք կա կատարելու. առյուծի բաժինը դեռ մնում է։
Երկրորդ կարևոր պատճառը, ըստ Հ. Մանուկյանի, ոլորտի առանձնահատկություններն են։ Եվ վերջապես, ամենակարևոր պատճառը, ըստ նախարարի, համակարգման և վերահսկման գործառույթներն են, որոնք ոլորտային նախարարությունները չեն կարող լիարժեք իրականացնել։
Նախարարը նաև պարզաբանեց նախարարության անվանման մեջ բարեփոխումներ բառի շեշտումը։ Ըստ Հ. Մանուկյանի, խոսքը վերաբերվում է ինտեգրացիոն պրոցեսներից բխող բարեփոխումներին։