Հնարավոր գործողությունները կարող են էֆեկտիվ շարունակություն ստանալ. Վարդան Խաչատրյան

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կարևորվում էր հանրապետության բոլոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելը, որը պետք է զուգորդվի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողություններով: Թե որքանով է էֆեկտիվ սա և ինչ արդյունքների կարող է հասնել ընդդիմությունը՝ հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանի հետ: Նրա խոսքով՝ դրա էֆեկտիվության աստիճանը կերևա միայն կոնկրետ գործողությունների ժամանակ.

«Բացել գրասենյակներ, կատարել աշխատանք և հանդես գալ որպես այլընտրանք, այդ դեպքում պետք է պարզություն մտնի` այն առումով, թե այլընտրանք` ո՞ր ոլորտում, ինչո՞վ: Այսինքն` իրավական ոլորտում ինչպիսի այլընտրանք, տնտեսական ոլորտում` մոտեցումների առումով՝ ինչպիսի այլընտրանք, արտաքին և ներքին քաղաքական առումներով` ինչպիսի, որովհետև հեշտ է ասելը, բայց, այնուամենայնիվ, դա պետք է լինի ճշգրիտ ուրվագծված համակարգ, որպեսզի մարդիկ էլ պատկերացնեն, մասնագետներն էլ: Ինձ համար, որպես մասնագետի, բավականին բարդ է գնահատել ալտերնատիվը, որովհետև ալտերնատիվի չափանիշներն ինձ համար դժվար ընկալելի են, ես չեմ կարող հաշվարկել ու ասել դա այլընտրա՞նք է, թե՞ ոչ:

ժողովուրդն այդ դեպքում, ասենք, դուրս կգա՞ փողոց, ինչպես իրենք են պատկերացնում, շարժման կգնա՞, թե՞ դիմադրության կանցնի, դժվար է ասել, որովհետև պարզ չէ, թե որն է այդ այլընտրանքը, եթե դա իսկապես այլընտրանք է:

Այլ բան է, եթե ասում ես` ես ընդդիմադիր եմ , ուղղակի այս մարդիկ լավ չեն իրականացնում իրնեց գործառույթները և պետք է հեռանան: Կարող է ինչ-որ բաներ առաջարկում են, բայց շատ ավելի քիչ, քան եթե ձևակերպում են, որ այլընտրանք են: Այլընտրանքը կոնկրետ դրսևորումներ պետք է ունենա, կոնկրետ չափորոշիչներով»,-պարզաբանեց նա:

Մեր այն հարցին `եթե այնուամենայնիվ ժողովուրդ ոտքի կանգնի ու սատարի ընդդիմությանը, կհասնե՞ն իշխանափոխության, նա պատասխանեց. «Կոնսենսուս Հայաստանի իշխանության հարցում ներկայիս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները չունեն, ինչպիսին եղել է միշտ: Երբ գալիս է եվրոպական դիտորդների բազմությունը ու ասում են մոտավորապես նույնը, ինչ ասում են Ռուսաստանի դիտորդների բազմությունը և ՍՆԳ-ի դիտորդների բազմությունը, արդեն այդտեղ պարզ է դառնում, որ գոյություն ունի ինչ-որ ներքին համաձայնություն: Այսօր դա այլևս գոյություն չունի և հնարավոր գործողությունները կարող են էֆեկտիվ շարունակություն ստանալ, որպես լուրջ փոփոխություններ երկրի ներսում` այս առումով»:

Տեսանյութեր

Լրահոս