
ՌԴ ԱԳՆ-ը հերքել է, թե Պուտինը խստապես քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիային:
Սրանից առաջ թուքրական AWDnews անգլախոս պորտալը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 24-ին «Վալդայ» ակումբում ունեցած ելույթում կոշտ քննադատության է ենթարկել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Թուրքիայի ղեկավարության քաղաքականությունը, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիական ճգնաժամի ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի դիրքորոշմանը:
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ նմանատիպ տեղեկությունները քարոզչական կեղծիք են և որևէ ընդհանրություն չունեն իրականության հետ: ՌԴ ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինի ելույթը հեռարձակվել է ռուսական հեռուստաալիքների ուղիղ եթերով՝ սկզբից մինչև վերջ. «Հոդվածի հեղինակները շտապել են կատարել արտաքին պատվերը»:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ նմանատիպ բաները նպատակ են հետապնդում վնասել Ռուսաստանի ու Թուրքիայի փոխշահավետ, գործընկերային ու վստահելի հարաբերությունները և զարգացման ներկա փուլում խաթարել դրանք: