
Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի պատմության մեջ տնտեսական խոշորագույն բարեփոխումների փաթեթը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր Անկարայում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է տնտեսական մասշտաբային բարեփոխումների փաթեթը: Այն բաղկացած է 9 գլխից և նախատեսված է կյանքի կոչել մինչև 2023 թվականը:
Դավութօղլուն մանրամասնել է, որ դրա վերջնական նպատակը մինչև 2018 թվականը ՀՆԱ-ն մինչև 1.3 տրիլիոն դոլարի հասցնելն է, ինչպես նաև բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի մինչև 5.2 տոկոսի, իսկ գործազրկության մակարդակը մինչև 7 տոկոսի կրճատելը:
Դավութօղլուն առաջիկա չորս տարում պլանավորած բարեփոխումները որակել է որպես Թուրքիայի պատմության մեջ տնտեսական ամենակարևոր կառուցվածքային վերափոխումներ:
Դավութօղլուն հայտարարել է, որ առաջնահերթությունը տրվելու է տնտեսական զարգացման պլանում ոչ բարվոք վիճակում գտնվող հարավային ու հարավ-արևելյան նահանգներին:
Դավութօղլուն ընդգծել է, որ տնտեսական բարեփոխումներն ընթանալու են 25 ուղղությամբ, որոնց թվում նա նշել է ներկրումից ունեցած կախվածության նվազեցումը, պետպատվերների ճանապարհով տեղական արտադրության խթանումը, էներգոխնայող տեխնոլոգիաների ու էներգիայի տեղական աղբյուրների լայն կիրառումը, բժշկական զբոսաշրջությունը և այլն:
Դավութօղլուի խոսքերով՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման տարիների վերջին 200 տարում Թուրքիայի արդիականացման պատմության մեջ ոսկե տասնամյակ են: