ԱՄՆ-ը չի փորձում միջամտել Սիրիայի ներքին գործերին. Օբամա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներկայումս Սիրիայում զբաղված է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարով և չի փորձում միջամտել այդ երկրի ներքին իրավիճակին:
Նա ընդգծել է, որ իրենց գործողություններն ուղղված են ոչ թե ողջ Սիրիական հակամարտության կարգավորմանը, այլ՝ այն շրջանների մեկուսացմանը, որոնցում գործում է «Իսլամական պետությունը»:
Օբաման հավելել է, որ առանձին հարց է սիրիական չափավոր ընդդիմության հետ համագործակցելը, ով «Իսլամական պետության» դեմ պայքարում կարող է հանդիսանալ իրենց «ցամաքային» գործընկերը: Օբաման համաձայնվել է, որ սիրիական ընդդիմությունը ներկայումս մասնատված է, և որ նրանում ընթանում է ներքին պայքար:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում հարվածներ են հասցրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման դիրքերին: Ավիահարվածները բաժին են ընկել Իդլիբի նահանգին: