Ավստրալիայի վարչապետը պլանավորել է Պուտինի հետ քննարկել մալայզական ինքնաթիռի կործանման հարցը
BBC-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել մալայզական «Բոինգ» ինքնաթիռի հարցը, որն այս տարվա հուլիսին կործանվեց Ուկրաինայի արևելքում:
Վլադիմիր Պուտինն Ավստրալիա է ժամանելու նոյեմբերի 15-16-ին՝ Բրիզբեն քաղաքում կայանալիք G-20-ի գագաթաժողովին մասնակցելու համար: Պաշտոնական Կրեմլն առայժմ չի հաղորդել Պուտինի ու Էբոտի միջև առանձին հանդիպման մասին:
Էբոտը հայտարարել է, որ Պուտինին չի հաջողվի խույս տալ այդ խոսակցությունից. «Այսպես թե այնպես մենք ունենալու ենք երկկողմ հանդիպում՝ անկախ նրանից, թե դա կանցկացվի միջանցքում կամ էլ առավել պաշտոնական իրադրությունում»:
Էբոտը մանրամասնել է, որ Պուտինի հետ զրույցում ցանկանում է ընդգծել մալայզական ինքնաթիռի կործանման հանգամանքների միջազգային հետաքննման կարևորությունը: