Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՕԵԿ-ական պատգամավորների նախաձեռնություններին
ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի և Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը գտնում է, որ այն չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը, համարժեքությանը, անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացմանը: Միաժամանակ, գնահատելով բարձրացված խնդրի կարևորությունը, նախագծի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքների աջակցությանը միտված առաջարկությունների համատեղ մշակման աշխատանքում:
Գործադիրը աննպատակահարմար է համարել նույն պատգամավորների ներկայացրած մեկ այլ նախագծի ընդունումը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում, նպատակ ունենալով հավասար պայմաններ ստեղծել բուհական ՊՈԱԿ-ների և կրթական հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների համար, ինչը հնարավոր չէ տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունների դեպքում: