Կառավարությունը ընդունելի է համարել Էդմոն Մարուքյանի առաջարկը

ՀՀ Կառավարությունը, իր այսօրվա նիստում քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենքներում, կառավարությունը հաշվի առնելով ներկայացված առաջարկության սոցիալական ուղղվածությունը, նախագծերի փաթեթը ընդունելի է համարել իր կողմից առաջարկված խմբագրական փոփոխություններով:

Գործադիրն այսօր քննարկել է այլ օրինագծեր ևս։

Հավանություն է տրվել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով լուծում է տրվում օրենքի կիրառման ընթացքում առաջացած իրավակիրառական խնդիրներին:
Հավանության է արժանացել նաև «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում են օրենքում կիրառվող գյուղատնտեսական մթերքներ հասկացությունները, պարզեցվում է գյուղատնտեսության արտադրանք մթերող տնտեսվարողների գործունեությունը:

Կառավարությունը ներկայացված տեսքով նպատակահարմար չի համարել Արհեստակցական միությունների մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթի ընդունումը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքին հակասելու հիմնավորմամբ մերժվել է նաև Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս