
Աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը հասնում է 10 միլիոնի. ՄԱԿ

BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը գործարկում է նոր ծրագիր, որը կոչված է աշխարհում վերջ դնել քաղաքացիություն չունենալու երևույթին: Այս մասին հայտարարել է տվյալ վարչության ղեկավար Անտոնիու Գուտերիշը.
«Ներկայումս աշխարհում առնվազն 10 միլիոն մարդ չունի ո՛չ քաղաքացիություն, ո՛չ էլ անձնագիր: Հուսով ենք, որ 10 տարում կվերացվի «քաղաքացիություն չունենալու» երևույթը:
Մենք ցանկանում ենք այդ խնդիրը հաղթահարել քաղաքացիությունից զրկված երեխաներին ու էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին քաղաքացիություն տրամադրելու օգնությամբ:
Քաղաքացիություն չունեցող անձինք գոյություն չունեն իրավաբանորեն: Դա սահմանափակում է նրանց քաղաքական իրավունքները, բարդացնում է բժշկության ու կրթության մատչելիությունը»: