Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերի սկզբին կհանդիպեն Բազելում
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի սկզբին Բազելում (Շվեյցարիա) կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. «Ամեն ինչ կախված կլինի Հայաստանի կառուցողական մոտեցումից: Նրանք ասում են առաջնագծից հետ քաշեք դիպուկահարներին, մենք էլ խոսում ենք համայնքների միջև կապերի հաստատման մասին»:
Մամեդյարովը հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը որակել է որպես «կարևոր քայլ». «Բնականաբար, մենք չենք կարող ասել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել կարևոր որևէ բան, սակայն դա եղել է քայլ»:
Անդրադառնալով հաջորդ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը՝ Մամեդյարովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ցայժմ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում հանդիպել են միայն երկու երկրների արտգործնախարարները.
«Ներկայումս պայմանավորվածություն է ձեռք բերված նախագահների մակարդակով հանդիպումների մասին: Սակայն մինչ այդ, անհրաժեշտության դեպքում նույնպես կարող է անցկացվել նախագահների հանդիպում»: