Արամ Կարապետյան. «Աստված տա` հանգիստ, անցնցում իշխանափոխություն լինի, բայց…»

Եռյակի նպատակը` Հայաստանում անցնցում իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ, իրատեսական չէ: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Մեր զրուցակցի կարծիքով` ոչ իշխանական ուժերն ուզում են արտահերթ իշխանափոխություն, բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա, դա կլինի հերթական իշխանափոխություն.

«Ընդունենք, որ իրենք արդեն ձևավորել են քաղաքական օրակարգը և նույնիսկ ինչ-որ հանգրվաններ են ասել` Ընտրական օրենսգրքի փոփոխություն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այդ օրակարգին հասնելու համար պրոցեսներ պիտի գնան, այդպես չէ՞: Որքան ես նայում եմ` իշխանությունը հայտարարում է, որ ինքը չի ընկալում նման օրակարգը, որովհետև ո´չ իրավական, ո´չ քաղաքական առումով նման խնդիրներ չկան, որ այդ օրակարգը կիրառես: Ենթադրենք, որ այդ օրակարգը կա: Ես շատ լավ եմ վերաբերում շարժմանը և ասում եմ` կա այդ օրակարգը, և պրոցեսը, որ հիմա գնում է, կարող է բավարարել այդ օրակարգը միայն հերթական ընտրությունների ընթացքում,- ասաց Արամ Կարապետյանը` ավելացնելով,- Հիմա ասում են` Մայդան չենք ուզում, ուզում ենք անցնցում իշխանափոխություն: Աստված տա` հանգիստ, անցնցում իշխանափոխություն լինի, ոչ ոք դեմ չէ, բայց փորձը ցույց է տալիս, որ աշխարհի ոչ մի երկրում անցնցում իշխանափոխության տիպաժ չի կիրառվում, բացի Բուրկինա Ֆասոյից, որը մի քանի օր առաջ եղավ: Այնտեղ էլ բանակն էր ոտքի կանգնել: Թող «Ղարաբաղ» կոմիտեն կամ Չեխիան, Լեհաստանը չասեն, դա լրիվ ուրիշ պատմություն է, որովհետև աշխարհը կոմունիզմից անցում էր կատարում, և դարաշրջան էր փոխվում: Հիմա ի՞նչ դարաշրջան: Որտեղ նայում ես` կրակում են: Նայեք Թուրքիան, Սիրիան, Եգիպտոսը, Եմենը, Ուկրաինան: Միայն Վրաստանում անցնցում իշխանափոխություն եղավ, բայց դա եղավ հերթական ընտրությունների միջոցով»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս