Ինչո՞ւ էր DDoS հարձակման ենթարկվել ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը դեռևս հոկտեմբերի 30-ին իր բլոգի միջոցով զգուշացրել էր, որ Հայաստանի ուղղությամբ Ճապոնիայից մոտ 7 Gbps հզորության DDoS հարձակում է սպառնում: Նաև նշել էր/ «Քանի որ հարձակումը մեկ երկրից է գալիս, կարող եմ ենթադրել, որ սա փորձնական «զոնդաժ» է , և վաղը, մյուս օրը հնարավոր է ավելի լայնածավալ և աշխարհագրորեն ցրված հարձակում։ Ասեմ, որ երեք օր առաջ էլ Փարիզի հանդիպումից առաջ նմանատիպ հարձակման էր ենթարկվել նախագահականի կայքը, մոտ հինգ անգամ ավելի ուժեղ հարձակում էր»:
168.am-ի հետ զրույցում այսօր փորձագետը՝ պարզաբանելով իր այս հայտարարությունը, ասաց. «DDoS-ների խնդիրն այն է, որ իրենք շատ հաճախ անհասկանալի են, որովհետև դու չգիտես` ով է պատվիրել և որտեղից են գալիս: Այսինքն` ամբողջ աշխարհից գալիս են հարձակումներ և դու չես էլ կարղ իմանալ, թե ով է և որ կողմից է հարձակվում: Սա ճապոնական IP-ներից էր, բայց չեմ կարծում, որ ճապոնացիները նման միտում ունեն: ավելի շատ փորձնական, կետային, ստուգող հարձակում էր»:
Մեր այն հարցին, թե ՀՀ նախագահի պաշտոնական կայքի վրա ինչո՞ւ հարձակվեցին, նա պատասխանեց. «Հայաստանը DDoS հարձակումների ենթարկել սկզբունքորեն ոչ ոքի պետք չէ: Կամ ադրբեջանցիներն են հարձակվում, կամ ինչ-որ բիզնեսի հետ է կապված, որը շատ տարածված է: Այսինքն` բիզնեսմեններն են իրար դեմ պատվիրում: Նախագահականի կայքի վրա հարձակումը պարզ է, որ ադրբեջանցիներն են արել ու իրենք սովորություն են դարձրել` ամեն հանդիպումից առաջ փորձում են նման բաներ անել»: