Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միմյանց հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը. Ուորլիք
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտարարել է, որ ամեն անգամ, երբ նախագահները հանդիպելու հնարավորություն են ունենում, նրանք կարող են պարզաբանել իրենց դիրքորոշումներն ու նվազեցնել տարաձայնություններն առանցքային հարցերի շուրջ.
«Ես ոգևորված էի, որ երկու նաախագահներն էլ ցանկանում են հակամարտությունը դադարեցնել բանակցային ճանապարհով: Նրանք միմյանց հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, և որ հայերի ու ադրբեջանցիների միջև առկա թշնամանքը պետք է իր տեղը զիջի համագործակցության նոր ժամանակաշրջանին:
Նախագահների հանդիպումները նպաստում են նաև շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եկել է համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ժամանակը: Ես հուսով եմ, որ կողմերը լրջորեն կդիտարկեն այդ քայլը:
Նա նաև առաջարկել է միջոցներ ձեռնակել վստահության ամրապնդման ուղղությամբ, որոնք կարող են դնել խաղաղության հիմքը: Բանակցային իրական գործընթացը հզոր ազդանշան կլինի տարածաշրջանի ժողովուրդների համար այն մասին, որ կողմերը հասկանում են խաղաղության առավելությունները»: