
Հայաստանի բուհերը` խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպությունր` այդ թվում 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ և Կրթության ազգային ինստիտուտը:
Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 60-րդ տեղը, երկրորդը` Երևանի պետական համալսարանն է ՝ 67-րդ տեղ, երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 142-րդ տեղում է: Ընդհանուր առմամբ, առաջին եռյակը բյուջե է մուծել շուրջ 3, 7 մլրդ դրամ:
Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները` կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 7, 6 մլրդ դրամ: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է շուրջ 6,3 մլրդ դրամ, իսկ 2012 թվականին` շուրջ 3,9 մլրդ դրամ: