
Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Բելիգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարևոր նպաստը կբերի Հայաստանի և Բելգիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան վան Մեուվենը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար։
Հայաստանի ԱԳ նախարարը և Բելգիայի նորանշանակ դեսպանը քննարկեցին երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային, կրթական և գիտական փոխգործակցության խորացման վերաբերյալ:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն