Կառավարությունը դեմ է արտահայտվել «Ժառանգության» պատգամավորների օրինագծերին

ՀՀ Կառավարությունն այսօր ը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին, Զանգվածային լրատվության մասին, Հիմնադրամների մասին և մի շարք ՀՀ օրենքներում, իր դիրքորոշումը հիմնավորելով կառավարության եզրակացության մեջ:

Քննարկելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում, նպատակ ունենալով հանրային ծառայության որոշակի պաշտոններում բացառել դատվածություն ունեցող քաղաքացիների նշանակումը, կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծի ընդունմանը, որովհետև իրավական այլ խնդիրներից բացի այդ դեպքում կիմաստազրկվի նաև դատվածությունը հանելու կամ մարելու նորմը:
Նույն պատգամավորի ներկայացրած մեկ այլ նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, նպատակ ունենալով կարգավորել պետական տուրքը վերադարձնելու հետ կապված գործառույթները, կառավարությունն իր եզրակացության մեջ հիմնավորել է, որ գործող օրենսդրությամբ պետական տուրքը վերադարձնելու հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են, ուստի նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս