Գողության փորձ՝ բանկոմատից (լուսանկար)

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 19:10-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում. առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել է բացել Երևան քաղաքի Վ.Սարգսյանի և Դեղատան փողոցների խաչմերուկում գործող, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատանող, պահեստարան հանդիսացող բանկոմատի դուռը, սակայն չկարողանալով բացել՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է նշված բանկոմատի վրա առկա տեսանկարահանող սարքերի՝ դեպքի տեսաձայնագրությունները, որոնցից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձի լուսանկարները։

Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս