Նոր մանրամասներ Երեւանում կատարված սպանությունից. կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանի Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երեւանում կատարված սպանությունից:
2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 18:25-ին, շտապօգնության 7-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության 71-րդ բրիգադը կանչով մեկնել է Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 13-րդ շենքի 9-րդ բնակարան, որտեղ պարզվել է, որ նշված տանը սպանվել է Մելանյա Տիգրանի Պողոսյանը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ.Պողոսյանի եւ Ա.Մնացականյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից:
Առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 27-ին ձերբակալվել է Ազատ Մնացականյանը:
Նախաքննությունը շարունակվում է: