Գրետա Սարգսյանը բացահայտված չի համարում Հոկտեմբերի 27-ի գործը
«Եթե չկարողանանք պահել մեր ազատությունը, անկախությունը, կդառնանք աշխարհի հզորներից ցածր ազգ, չենք կարող նրանց հետ ոտք պարզել»,- այսօր Եռաբլուրում Հայաստանի նախկին վարչապետ, սպարապետ Վազգեն Սարգսյանի այս խոսքերը հիշեց նրա մայրը՝ Գրետա Սարգսյանը:
Լրագրողներից մեկի հարցին` ինչպիսի՞ երկիր կունենայինք այսօր, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, տիկին Գրետան Պատասխանեց. «Ինձնից շատ լավ գիտեք` ինչպիսի երկիր կունենայինք: Ինքն ասում էր, որ եթե մենք մեր երկիրը, մեր ազատությունը, անկախությունը չկարողանանք պահել, կդառնանք աշխարհի հզորներից ցածր ազգ, չենք կարող նրանց հետ ոտք պարզել: Այդ ժամանակ նրանք գիտեին, զգացին, որ մենք ազգ ենք, որ կարող ենք իրենց հետ ոտք պարզել: Ինքն ասում էր՝ դեմքից զրկված ազգ կմնանք, այդպիսի ազգ ենք դարձել»:
Գրետա Սարգսյանը բացահայտված չի համարում Հոկտեմբերի 27-ի գործը: Նրա խոսքով` ժողովուրդը խոսում է, ինչ-որ բաներ ասում է, բայց չի կարելի ասել, որ գործը բացահայտված է, քանի որ չի եղել քաղաքական կամք և արդար դատաքննություն:
«Ձեզ համար այսօր պա՞րզ է` ով էր դրա հետևում կանգնած»՝ հարցին լացակումաց մայրը պատասխանում է շատ պարզ` «ի՞նչ կարող եմ ասել, այ բալա, չեմ կարող ասել»:
«Պիտի իմանայինք, դատաքննությունը պիտի պարզեր, իմանար` ովքեր էին գլխավորները, ովքե՞ր էս ոճիրը պատրաստեցին: Բայց ինչ-որ բան կար, որ թեկուզ դրսի ուժերն արեցին, բայց նաև ներսի ուժերն էլ կողմնակից եղան: Եթե ներսից չլիներ, ժողովուրդն ասում է՝ «գողը որ տնից չլինի, եզը երդիկից չեն հանի»: Էդպես եղավ: Իրենք պիտի մտածեին, որ այս երկրի գլուխը կտրում են: Այս երկրի տերն էին: Երկիրը կապրեր խաղաղ, հանգիստ, բարգավաճ, կարգին հասակով ոտքի կանգնած, բայց հիմա այսպես եղավ, ոչ մեկի պետքը չենք»,- ասաց Գրետա Սարգսյանը: