Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է ԵՄ-ից դրամաշնորհներ ստացող որոշ ՀԿ-ների հարցը, որոնց աշխատանքի արդյունքը տեսանելի չէ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում Հայաստան այցելած փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այս տարիների ընթացքում ԵՄ
խորհրդատվական խմբի գործունեությանը եւ նախանշել ԵՄ-ի հետ առաջիկա ծրագրերը, մասնավորապես ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար անհրաժեշտ օրակարգի ձեւավորման ուղիները:

Նաիրա Զոհրաբյանը, գնահատելով ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը, նշել է այն դրականը, որը կատարել է թիմը՝ մասնավորապես օգնելով Ասոցացման համաձայնագրի եւ դրա հիմնական բաղադրիչ հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի նախապատրաստման գործում, այդուհանդերձ հանձնաժողովի նախագահը բարձրաձայնել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է անպայմանորեն վերանայի Եվրոպական միությունը՝ տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում իր քաղաքականությունը մշակելիս։

Կողմերն անդրադարձել են բյուջետային վերահսկողության խնդրին՝ նշելով, որ
ԵՄ-ից պետական բյուջեին հատկացվող գումարները լրջագույն վերահսկողության խնդիր ունեն: Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է նաեւ ԵՄ-ից դրամաշնորհներ ստացող որոշ ՀԿ-ների հարցը, որոնց աշխատանքի արդյունքը տեսանելի չէ: Նա նշել է այն ուղղությունները, որտեղ պիտի հստակ նկատելի լինի ԵՄ-ի դիրքորոշումը հանրության մեջ եվրոպական արժեքների տարածման ճիշտ ու գրագետ լոբբինգ անելու հարցում: Այս առումով հանձնաժողովի նախագահը կարեւորել է ավելի լայն շրջանակների ներգրավվումը այս գործընթացում:

Նա նշել է, որ նոյեմբերի 4-5-ին Բրյուսելում նախատեսված է «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական միության միջեւ հետագա համագործակցության խնդիրն է: Տիկին Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջիկա օրակարգի ձեւավորման խնդրին՝ նշելով երկխոսությունն առաջ մղելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս