
Դուբայի բնակիչները հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում կարող են շահել ոսկու ձուլակտոր

Gulf News-ի փոխանցմամբ՝ Դուբայի բնակիչներին առաջարկում են ոսկու ձուլակտոր շահել, եթե նրանք հօգուտ հասարակական տրանսպորտի հրաժարվեն անձնական տրանսպորտից:
Էմիրության տրանսպորտային իշխանությունները պատրաստ են նոյեմբերի 1-ին նշվող Հասարակական տրանսպորտի օրվա տոնակատարությունների շրջանակում նվիրել 4 կիլոգրամ մաքուր ոսկի: Դրանով իսկ պաշտոնյաները փորձում են մարդկանց մղել անձնական ավտոմեքենաներն օգտագործելուց հրաժարվելուն:
Ոսկյա ձուլակտորն ու մյուս նվերները շաբաթվա ընթացքում կխաղարկվեն վիճակախաղով: Դրանց կարող են հավակնել միայն Դուբայի հասարակական տրանսպորտից օգտվողները:
Դուբայը հանդիսանում է ավտոտրանսպորտով ամենաշատ հագեցած քաղաքներից մեկն աշխարհում: Այստեղ յուրաքանչյուր ընտանիքի բաժին է ընկնում միջին հաշվով 2,3 ավտոմեքենա: Հասարակական տրանսպորտից օգտվում է քաղաքացիների ընդամենը 13 տոկոսը: