
Թուրքիան դառնում է «օրենքով գողերի» թագադրման վայր

Քրեական հեղինակությունների շրջանում Թուրքիան արդեն վերածվում է հավաքներ անցկացնելու և նոր «օրենքով գողեր» թագադրելու ավանդական վայրի։ Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, անցած չորեքշաբթի օրը Թուրքիայում տեղի է ունեցել հերթական գողական հավաքը, որի ընթացքում «օրենքով գող» է ճանաչվել Ուլան անունով հերթական քրեական հեղինակությունը (ազգությամբ՝ ղրղըզ)։ Նախաձեռնողները եղել են Ժորա Տաշքենդսկին և Թիմուր Սարատովսկին։ Վերջինս, գործակալության տեղեկություններով, մասնակցել է նաև նախորդ տարի տեղի ունեցած մեկ այլ ղրղըզ «օրենքով գողի»՝ Կարիշկիրի թագադրմանը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր Ազիզ Բատուկաևը՝ որպես իր հետնորդ։ Ուլանի կնքահայրեր են համարվում նաև Մերաբ Մզարելուան և Հուսեյն Սլեպոյը, ինչպես նաև ադրբեջանցի երիտասարդ «օրենքով գողեր» Ջեյհունը և Ռաֆեթը։